Էնպես չի, որ ինձ ամեն օր կաղամբ է պետք լինում, պարզապես կաղամբ վաճառողը քաղաքական նուրբ հոտառություն ունի, ուստի, ինձ տանջող հարցերի պատասխանները ստանալու համար, ստիպված եմ հաճախ գնալ շուկա: Այսօր էլ երեկ առածս կաղամբը դեն նետեցի ու մի շատ կարևոր հարցով հասա շուկա: Նպատակս չմատնելու համար հեռվից սկսեցի: Ավելի ճիշտ, լավ էլ մոտիկից սկսեցի.
- Էս առաջին շարքի կաղամբը էսօրվա՞ է:
- Ոչ:
- Բա երբվա՞:
- Վաղվա:
- Ոնց թե՝ վաղվա:
- Շատ պարզ, դա պիտի վաղը բերեի, բայց էսօր եմ բերել՝ հավատարիմ հաճախորդների համար:
- Իսկ... մեր առաջնորդին ինչո՞ւ էին նստացրել Ալիևի հետևում:
- Որովհետև թուրքերը արվեստից բան չեն հասկանում:
- Արվեստը ի՞նչ կապ ունի:
- Մեծ կապ: Երբ մարդիկ թատրոն են գնում, հսկիչները պիտի կարճ մարդուն առաջին շարքում նստացնեն, իսկ երկարին՝ երկրորդ, որպեսզի երկուսն էլ լավ տեսնեն:
- Իսկ եթե չեն ֆայմում, ուրեմն կարճը պիտի տուժի՞:
- Չէ, կարճն ու երկարը կարող են իրար հետ լեզու գտնել: Եթե չեն գտել, ուրեմն դրանցից մեկը անասուն է:
- Այս դեպքում ո՞ր մեկն էր անասուն:
- Իհարկե՝ Ալիևը:
- Դաաա... Իսկ երեկ առածս կաղամբը երբվա՞ էր:
- Էսօրվա:
Կարո Վարդանյան